հինգշաբթի, 7 դեկտեմբերի 2017
Մարզերը տարեկան գործունեության ծրագրերը կմշակեն վարչապետի ներկայացրած ցուցանիշների և ուղղությունների հիման վրա
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Ներկայումս մարզպետների կողմից մշակվում են 2018 թվականի գործունեության ծրագրերը։ Ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են այն հիմնական ցուցանիշները և ուղղությունները որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերի մեջ», - նշել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 20-օրյա ժամկետում մշակել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետևյալ ցուցանիշները և ուղղությունները՝
1) մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
2) համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող ցուցանիշները և միջոցառումները,
3) մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում և դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերի ներկայացում,
4) սպանդանոցային կառույցների թիվը մարզում և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը,
5) տոհմային անասնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,
6) սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,
7) գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017 թվականի համեմատ,
8) կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացում,
9) առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի կտրուկ աճը՝ 2017 թվականի համեմատ,
10) մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում՝ պետական և համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ՝ օրինակ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ,
11) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկվող բնակավայրերի ընդհանուր թվի ավելացումը,
12) մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների և ստեղծվող աշխատատեղերի թվերը,
13) զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը,
14) հաշվառման համակարգի արմատավորումը և թերությունների վերացումը։
Կառավարություն կներկայացվեն 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները
Վարչապետի մյուս հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ էր: «Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Միաժամանակ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին», - նշել է կառավարության ղեկավարը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի՝ գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեններին ամփոփել 2018 թվականին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը՝ արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Կհստակեցվի սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգը
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ էր: «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այդ տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։
Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռևս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը՝ օրինակ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումները և դրանից բխող հետևանքները և այլն։ Արդյունքում գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում, մասնավորապես՝ սննդամթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերում», - ասել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարեվերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
«Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին հրապարակումներ», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: «Կառավարության նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամունտերի կոմիտեի նախագահին և առաջարկվել Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել նաև արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա:
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի նաև օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը: Նախարարի խոսքով, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: «Գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 250 մլն դոլար»,- նշել է Սուրեն Կարայանը: Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ԱՏԳ-ի բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին: Հիմնավորման համաձայն, Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացմանը, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցությանը, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
Առաջիկայում իրականացվող ներդրումային մի շարք ծրագրերով կստեղծվի մոտ 2000 նոր աշխատատեղ
«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի արդյունքում կբարձրանա մարզի զբոսաշրջային գրավչությունը
Կառավարությունը հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագրին, որի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400,000 -ի։ Արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։
Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կոօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 85 աշխատատեղ՝ 195 000 - 205 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 10 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,7 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն
Կառավարությունն ընդունել է «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: Որոշմամբ նախատեսվում է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ: Այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն:
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն: Այդ նպատակով «Դամալա Գրուպ»-ը կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով 350-450 աշխատատեղ:
Կառավարությունը կների բնական աղետներից տուժած հողօգտագործողների սերմացուի և պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016 թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել: Հիմնավորման համաձայն, մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։ Բացի այդ, համապատասխան փոփոխությունները կկատարվեն նաև ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների միջև կնքված վարկային պայմանագրերում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կստեղծվեն քաղաքացիական դատավարությունում գործերի քննության արդյունավետությունը և քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն քաղաքացիական դատավարությունում մրցակցության, կողմերի իրավահավասարության, դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության, դատավարական խնայողության և գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետությունը և քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ՝ նպաստելով դատարանի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով և կից օրենքների նախագծերով կարգավորվել են, մասնավորապես՝ քաղաքացիական դատավարության սկզբունքները. հստակեցվել են օրենսգրքում առկա սկզբունքները և դրանց իրացման պայմանները, որպես քաղաքացիական դատավարության կարևորագույն սկզբունք նախատեսվել է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը: Կատարելագործվել են ապացուցման պարտականության կարգավորումները (օրինակ՝ ժխտող անձի վրա չի կարող դրվել հակառակն ապացուցելու պարտականությունը), ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, ապացույցների գնահատման կանոնները և ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը: Ամրագրվել են Վճռաբեկ դատարանի՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթից բխող իրավանորմեր՝ հնարավորություն տալով անձանց վճռաբեկ բողոք ներկայացնելու նաև այդ հիմքով և այլն:
Դատարաններում կկրճատվի թղթային փաստաթղթաշրջանառությունը
Հավանության է արժանացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին և արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը: Մասնավորապես՝ նախատեսվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավարություն ընձեռել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով
Հավանության է արժանացել կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրենքների նախագծերով նախատեսվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Օրինագծերով հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը: Սահմանվել է նաև, որ Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Իսկ մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:
Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը
Հավանություն է տրվել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողությունը: Օրենքների նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սեփական կամ պարտադիր լիազորությունները: Արդյունքում համայնքի ղեկավարը ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն:
Նախատեսվում է կանոնակարգել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով սահմանվող կարգավորումների արդյունքում նախատեսվում է կանոնակարգել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների` կարաոկեի, դիսկոտեկի, հեստապարային ակումբի, բաղնիքի և սաունայի տեղակայումը: Նախագծով սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների կազմակերպման կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության ուժեղացման նպատակով նախատեսվում է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում գործող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությունը, մասնավորապես` վերջիններիս տեղակայումը: Նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է: Կսահմանվի նաև դրույթ, համաձայն որի սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
Օրինագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը
Գործադիրը հավանություն է տվել «Տեսչական մարմինների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ամրագրել տեսչական մարմինների նոր կարգավիճակը և կառավարման առանձնահատկությունները: Օրինագծի նպատակը տեսչական մարմնի կարգավիճակի հստակեցումն է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվող նախագիծը ամրագրում է տեսչական մարմնի նոր կարգավիճակ, որի համաձայն տեսչական մարմինը կառավարությանը ենթակա պետական մարմին է։ Նախագիծը նպատակ է հետապնդում հստակ սահմանել տեսչական մարմինների իրավական վիճակը, ապահովել տեսչական մարմնի անկախությունը և ՀՀ կառավարության աշխատակազմի իրավասությունը տեսչական մարմինների բնականոն գործունեության համակարգման հարցում։
Արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները կհասցվեն նվազագույնի
Գործադիրը հավանություն է տվել «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազագույնի կհասցվեն արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները, ինչը կնպաստի կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, փոքր ներդրողների հասանելիությանը կապիտալի շուկային, բանկերի համար էժան ֆինանսավորման ներգրավմանը, վերաֆինանսավորմանը, հիփոթեքային շուկայի զարգացմանը և վարկավորման ծավալների աճին: Հիմնավորման համաձայն, արժեթղթավորումը համարվում է ֆինանսական շուկայի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը, քանի որ այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս լրացուցիչ դրամական միջոցներ ներգրավել, որոշ իրավիճակներում ֆինանսական ընկերություններին օգնում է պահպանել տնտեսական նորմատիվների պահանջները: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն արժեթղթավորման զարգացմանը՝ ստեղծելով ինովացիոն ներդրումային գործիքներ և բարձրացնելով ներդրումների ու գործընթացների գրավչությունը: Մասնավորապես՝ կապիտալի շուկաների զարգացումը կհանգեցնի նաև փոքր ներդրողների առավել ներգրավվածությանը, բանկերին հնարավորություն կտա նոր գործիքների կիրառման շնորհիվ ավելացնել վարկավորման ծավալները: Նախատեսվում է նաև, որ արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով:
Առաջարկվում է ներդնել կենտրոնացված թողարկողի և մասնակից թողարկողի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կարգավորվեն ՀՀ-ում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման և շրջանառության հետ կապված հարաբերությունները` միջազգային փորձին համահունչ: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, մասնավորապես՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները՝ ներդնել կենտրոնացված թողարկողի և մասնակից թողարկողի ինստիտուտը, ապահովման միջոցների ստատիկ և դինամիկ զամբյուղների գաղափարը: Հստակեցվել է այն ակտիվների ցանկը, որոնք կարող են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման համար հանդիսանալ ապահովման միջոց: Նախատեսվում է նաև մանրամասն կարգավորել ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի գնահատման և վերագնահատման հետ կապված հարաբերությունները:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրինագծի վերաբերյալ:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագին դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Կառավությունն ընդունել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կառուցապատողները ստիպված չեն լինի ընդունող հանձնաժողովների կազմում ներգրավել այն մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք այդ կառուցապատման համար հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի պայմաններին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան չեն տրամադրել տեխնիկական պայման և որևէ փոփոխություն չի կատարվել արդեն իսկ շահագործվող որևէ ենթակառուցվածքում: Նշված գործընթացի կարգավորման արդյունքում, բազմաթիվ դեպքերում, կկրճատվեն ընդունող հանձնաժողովների կազմերը, իսկ կառուցապատողների համար էապես կպարզեցվի ու կհեշտացվի ներկայումս իրականացվող վարչարարությունը:
2011-2015 թթ. ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ մի շարք մարզերում կառուցված բժշկական հաստատությունների շենքերի հանձնման և ընդունման ընթացակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Գործադիրի որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության օպտիմալացման գործառույթների իրականացումից տնտեսված 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխան միջոցով համապատասխան տնտեսումներն ուղղել ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի գծով առաջացած պարտավորությունների կատարմանը և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրմանը: Կապահովվի նաև «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովում» ծրագրի բնականոն գործունեությունը: