ուրբաթ, 23 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Կառավարության որոշմամբ ստեղծված հիշյալ հանձնաժողովի կազմում ներկայացված են մի շարք նախարարություններ և կառավարությանն առընթեր մարմիններ, ՀՀ Ազգային ժողովը, Կենտրոնական բանկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ազգային վիճակագրական ծառայությունը, արժեթղթերի հանձնաժողովը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Կառավարության որոշմամբ, համակարգման հանձնաժողովին հանձնարարված է մինչև 2004թ. հոկտեմբերի 10-ը կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ-ի և Եվրոպական համայնքների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի նախագիծը:
Ընդգծելով, որ հանձնաժողովը մեծածավալ և շատ կարևոր աշխատանք ունի իրականացնելու, որը նաև բավականին աշխատատար է, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ աշխատանքն առավել արդյունավետ և օպերատիվ կազմակերպելու նպատակով, համակարգող հանձնաժողովից բացի, որը ներկայացված է նախարարների մակարդակով, կձևավորվի համակարգող աշխատանքային խումբ՝ փոխնախարարաներից բաղկացած, ինչպես նաև տարբեր ոլորտների հետ կապված առանձին աշխատանքային խմբեր՝ վարչության պետերի գլխավորությամբ:
Այսօր հանձնաժողովի անդամներին ներկայացվել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի կառուցվածքի նախագիծը, որը նախատեսում է ծրագրի նպատակներից, գերակայություններից ու կառուցվածքից բացի, կառուցվածքում ընդգրկել մեր երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակն ու զարգացումները, օրենսդրության, իստիտուցիոնալ և քաղաքականության դիտարկումները, Ազգային ծրագրի իրականացման ու ԵՄ-ի հետ հարաբերությունների կազմակերպչական կառուցվածքը և այլն:
Վարչապետը հանձնարարել է հնարավորինս արագ ձևավորել համապատասխան աշխատանքային խմբերը՝ նշելով, որ համակարգման հանձնաժողովի գործունեությունը լինելու է իր մշտական ուշադրության ներքո և պարբերաբար քննարկումներ է հրավիրելու՝ կատարված աշխատանքի հաշվետվությունները լսելու նպատակով: