Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 դեկտեմբերի 2017

Հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Կարեն Կարապետյան









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը 2018 թվականին նախատեսված միջոցառումների վերաբերյալ էր: «2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում է նաև զբոսաշրջային այցեր՝ վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանությանը, մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Երևանի և Գյումրու քաղաքապետերին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը՝ առանձնակի կարևորելով «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Վարչապետի մյուս հանձնարարականը Հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակմանն էր վերաբերում: «2015 թվականին ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Այս ժամանակահատվածում կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»,-ասել է կառավարության ղեկավարը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները: Հանձնարարվել է նաև սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին։
Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Հանձնարարվել է նաև փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի։


Վարչապետը հանձնարարել է հստակեցնել և պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը


Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ էր: «Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքանակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, համապատասխան դիմումների մերժման հիմքերը հստակ չեն, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը կքննարկվի շահագրգիռ այլ մարմինների հետ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է սահմանել հսկողություն՝ գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։

 

Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը


Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում: Մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ակնկալվում է մրցակցության մեծացում և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին: Նախատեսվում է սահմանել, որ գնումների պլանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարող են ընդգրկվել նաև ՀՀ-ում չգրանցված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում: Նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղերը կգրանցվեն ՀՀ-ում: Գրանցման գործընթացը կիրականացվի պարզ կարգով՝ 150 օրվա փոխարեն նախատեսելով 31 օր:


Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում: Առաջարկվող փոփոխության արդյունքում էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և բովանդակալից կլինի շահագրգիռ մարմինների մասնակցությունը գործընթացում, փաստաթղթերի իրագործման միջոցառումների ամենամյա ամփոփումը և փոփոխությունների կատարման հիմնավորման անհրաժեշտությունը կբարձրացնեն համայնքների ղեկավարների պատասխանատվությունը գործընթացի նկատմամբ, մշակվող փաստաթղթերի կազմը և բացատրագրի ներկայացման նոր սկզբունքները կբարելավեն փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը: Մասնավորապես, նախատեսվում է կրճատել հաստատված փաստաթղթերում փոփոխություն կատարելու համար սահմանված ընթացակարգերը՝ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցումը դարձնելով հասցեական՝ կախված առաջարկվող փոփոխությունների բնույթից: Կկանոնակարգվեն տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման գործընթացը՝ ստեղծելով այն մեխանիզմները, որոնց շնորհիվ պետք է բարձրանա փաստաթղթերի նախագծման որակը, իրագործման արդյունավետությունը, փոփոխությունների նպատակահարմար ծավալը: Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:


Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը

 

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով:


Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ կատարելով 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 18 աշխատատեղ` 90 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն 50 մլն ՀՀ դրամ, որից 20 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։
Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես՝ դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում: Ընկերության նպատակն է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան, եվրոպական երկրներ: Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ:
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին» որոշում: Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևանի Տերյանի փողոցում գտնվող տարածքը հետ վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով 20 տարով տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին:

 

Հայաստանում ամանորյա տոնական օրերը կկրճատվեն


Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից: Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:


Միջազգային համագործակցություն


Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով թիվ BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագրի» նախագծին: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես՝ ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ:
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի» նախագիծը: Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։ Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակում գումարը կտրամադրվի 2 մասնաբաժնով:
Կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:


Այլ որոշումներ


Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով: Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Կառավարությունը որոշել է Մարոկկոյում կայանալիք «Գիմնազիադա» համաշխարհային խաղերի մասնակցությունն ապահովելու նպատակով գումար հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցականների համաշխարհային գիմնազիադան կայանալու է 2018 թ. ապրիլին:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ