հինգշաբթի, 21 դեկտեմբերի 2017
Վարչապետն առաջարկել է Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կարևորելով Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացումը՝ վարչապետը նշել է. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, կառավարության ղեկավարը առաջարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:
Հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլի աշխատանքները
Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին: «Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։
Նախատեսվում է պարզեցնել ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը
Երրորդ հանձնարարականը ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինակացման մեխանիզմների վերաբերյալ էր: «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Ներկայումս գործող կարգավորումները, հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում ստեղծվածի վրա։ Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջե վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։
Կընդլայնվի սոցփաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը
Սոցփաթեթի հատկացման պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրների իրավական լուծումներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է սոցփաթեթի շահառուների համար սահմանել կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց հետո ծառայություններից օգտվելու հստակ ժամանակահատված և բանկերից սոցփաթեթի գումարների փոխանցման պարտավորություն՝ արդեն իսկ ձևավորված պարտավորությունների համար, ավարտական կուրսում սովորող ուսանողների համար շահառուի սոցիալական փաթեթի միջոցներից գումարի միանվագ փոխանցման հնարավորություն: Միաժամանակ առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը. սոցփաթեթի շահառուներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարն ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակում տրամադրված հիփոթեքային վարկերի մարմանը: Բացի այդ, սոցփաթեթի շահառուի աշխատանքից ազատվելիս, պարտավորություն ունենալու դեպքում, առաջարկվում է պարտավորությունների չափով գումարը միանվագ փոխանցելու հնարավորություն:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ևս մեկ տարով` մինչև 2019թ. երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը: Դրա համար հիմք են հանդիսացել Հայաստանում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի վերլուծությունները, որոնք իրականացվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության լիազոր մարմիններ ճանաչելու մասին» որոշում: Օտարերկրյա պետությունում աշխատող ՀՀ քաղաքացիների` ՀՀ վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ ՀՀ բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը և մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը սահմանելու մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասով` ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կառավարությունը սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները: Այդ նպատակով առաջարկվում է պետական լիազոր մարմին սահմանել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:
Կառավարությունը կսուբսիդավորի խմելու ջրի թանկացումը
ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշում: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե համատարած բոլորին:
Առավել բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությունում՝ տնտեսավարողների գործունեության համար
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը: Ներկայումս գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են առանձին: ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգով այս բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են միասնական մոտեցումներ և ուղղություններ: Այդ նպատակով կիրականացվի 8 միջոցառում:
«ՀՀ-ում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրով նախատեսվում է հանրապետության տարածքում զարգացնել աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի սերմնաբուծությունն ու սերմարտադրությունը: Դա հնարավորություն կընձեռի պետական ու մասնավոր սերմնաբուծական կազմակերպությունների միջոցով ավելացնել հանրապետության տարածքում արտադրված, բարձր որակ ապահովող սերմնանյութի արտադրության ծավալները, ինչպես նաև բուսաբուծական արտադրությանն ապահովել մշակաբույսերի սորտային ու ցանքային բարձրորակ և ագրոտնտեսական բարձր հատկություններով օժտված սերմնանյութով՝ երկրում ստեղծելով սերմարտադրության ընդհանուր շարունակական շղթա:
ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացմամբ կխթանվի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, կավելանան պտղատու այգետարածքները շուրջ 200 հեկտարով և հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառող (արտահանող) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները: Համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն:
Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը:
Կիրականացվեն նաև Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության, Հակակարկտային ցանցերի ներդրման խթանման նպատակով, Պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտնեսության ոլորտի զարգացմանն ուղղված համալիր ծրագիրը և նշել, որ այն որակապես փոխելու է գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը: «Միանշանակ համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Պարոն Առաքելյան, նման համալիր ծրագիր սպասում ենք նաև անասնապահության ոլորտում՝ նույնպես ուղղված արդյունավետության բարձրացմանը»:
Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում 2018-2022 թթ. տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետությունում չի գործում ոչ մի տոհմաբուծարան, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում տավարաբուծության և ոչխարաբուծության ոլորտներում տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է հանրապետությունում հիմնել 2-ական տոհմաբուծարան: Արդյունքում կավելանան մսի արտադրության և արտահանման ծավալները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին:
Կիրականացվի համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի առավել ընդգրկուն գնահատում
Գործադիրը հավանություն է տվել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին: Հիմնավորման համաձայն՝ 2016 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ՀՀ մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց: ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակում 2017 թ. օգոստոսի դրությամբ ՀՀ մարզերից և համայնքներից ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր` տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Հավանության արժանացած ծրագրերից ֆինանսավորվել է 19-ը: Կարևորելով ծրագրերի արդյունավետության գնահատման ճշտությունը և արժանահավատությունը՝ առաջարկվում է սահմանել գնահատման մոտեցումներն ու սկզբունքները: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրականացնել բազմագործոն գնահատում, և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագրերի գնահատումը նախատեսվում է իրականացնել երեք փուլով: Արդյունքում ակնկալվում է իրականացնել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի առավել ընդգրկուն գնահատում և խթանել դրանց իրագործելիությանը, ինչն իր հերթին կապահովի հանրապետության տնտեսության կայունությունը, համաչափ տարածքային զարգացումն ու հետագա տնտեսական աճը: Վարչապետը նշել է, որ սպասելիքներն ու հանձնարարականները ձևակերպելու նպատակով մյուս շաբաթ հանդիպում է նախատեսվում մարզպետների հետ: «Մարզպետներին կից մենք ստեղծել ենք համապատասխան հարթակ մեր գործող կառույցների հաշվին՝ ՈՒՎԿ ԶԱԿ-ի, ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսական հիմնադրամի, որը ֆիլտրելու է մշակված ծրագրերը: Ավելին, մյուս շաբաթվա հանձնարարականների ժամանակ մարզպետներին տալու ենք հանրապետական, համայնքային գույքը բիզնեսին նույնիսկ անվճար օգտագործման տրամադրելու հնարավորություն, եթե համապատասխան հայտանիշերով ներդրումներ և աշխատատեղ է ստեղծվում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հորդորել առավելագույնս ուշադիր լինել տարածքներում տնտեսական ակտիվության բարձրացմանն ուղղված բոլոր մեխանիզմների և գործիքակազմի աջակցության հարցում:
ՀՀ տարածաշրջաններում «տարածքային աճի բևեռներ» կձևավորվեն
Կառավարության հավանությանն է արժանացել Տարածքային աճի բևռների զարգացման հայեցակարգը: Կայուն զարգացման գրավական հանդիսացող երկրի համաչափ տարածքային զարգացնան նպատակով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել «տարածքային աճի բևեռներ», որոնց զարգացումը թույլ կտա անցում կատարել միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության: Տարածքային աճի բևեռների ճիշտ ընտրությունը կապահովի երկրի ՀՆԱ-ի փաստացի աճ: Հայեցակարգով առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը: Այն ապահովում է համայնքի մրցակցային առավելությունների վրա հիմնված որոշումների ընդունման միասնական գործընթացը: Բևեռի ընտրության գործընթացում առաջնային հարց է հանդիսանում բնակչության կյանքի որակի բարձրացման խնդիրը: Տարածքային աճի բևեռների ձևավորման հայեցակարգի ընդունումը կնպաստի տարածքային աճի բևեռների գրագետ ձևավորմանը: Աճի բևեռներում կոնկրետ ոլորտի զարգացումը շղթայականորեն կապահովի փոխկապակցված և հարակից ոլորտների աշխուժացում, և տարերայնորեն կտարածվի հարակից տարածքների և ողջ երկրի տնտեսության վրա:
Միջազգային համագործակցություն
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրված Վարկային համաձայնագրով նախատեսված` «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերը: Ծրագիրը նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում: Ըստ հիմնավորման՝ սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո կսկսվեն էլեկտրահաղորդման գծի կառուցման շինմոնտաժային աշխատանքները:
Գործադիրը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը և հավանություն տվել գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին: Պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվելիք ծրագիրը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» համաձայնագրի շրջանակում։ Հիմնավորման համաձայն՝ հրապարակած նախաորակավորման ընթացակարգի հայտարարության արդյունքում հայտատու 20 մասնակցից ընտրվել է նախաորակավորման պահանջներին բավարարող 10 մասնակից: Վերջիններիս նախատեսվում է ուղարկել մրցութային փաստաթղթերը՝ մրցութային հայտեր ստանալու նպատակով։ Ծրագրի միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներից են օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի գրավչության մեծացումը, Հայաստանում էլեկտրաէներգիայի ռեսուրսների բազմազանեցումը, ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդումը։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Գիտահետազոտական կենտրոնի կարևորագույն գործառույթներից են ՀՀ վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ: Նկատի ունենալով կուտակված հսկայական հնագիտական արժեքների վերականգնման հրատապությունը, ինպես նաև ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախարարությունն առաջարկել է Ճապոնական դրամաշնորհի սահմաններում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան:
Կապահովվի «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը
Գործադիրը սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Այլ որոշումներով էլ հստակեցվել են այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 967 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի։
Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում. կառավարության որոշմամբ երկարաձգվել է գործողության ժամկետը:
Գործադիրը որոշել է 2017 թ. սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 133 840 000 ՀՀ դրամ:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ը նոր եթերաշրջանի ընթացքում նախատեսում է իրականացնել նոր կրթական հաղորդաշարի պատրաստում՝ «Բաց դաս», որն իր ուրույն ու կարևոր տեղը կզբաղեցնի «Առաջին ալիք»-ի կրթական-դաստիարակչական հեռուստահաղորդումների շարքում: Հաղորդման նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվել բուհական քննություններին: Թողարկման մի մասում կլինեն մաթեմատիկա, մյուսում՝ ֆիզիկա առարկաները: Կդասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները: Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում:
Պետական ծառայողներին մատչելի պայմաններով բնակարանների վաճառքի հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի տնտեսումների վերաբաշխման հաշվին 8,293.0 հազ. դրամ գումարն ուղղել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով: