հինգշաբթի, 25 հունվարի 2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. խրախուսվում է ներդրումային հերթական ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը հումքն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Իրականացվել է 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, մինչև ծրագրի ավարտը (2021թ.)նախատեսվում է իրականացնել ևս 2 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն ՀՀ դրամ, որից 175 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Բարձրացվել են պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները
Գործադիրը հավանություն է տվել «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման, ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ընդգրկելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին: Այն հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները: Նախագծով, մասնավորապես, հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և համապատասխանեցվել միջազգային պահանջներին, սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է ծառայության նախագահի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Մանրամասն կարգավորվել են պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման և որոշումների կայացման ընթացակարգերը: Օրինագծով բարձրացվել են պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից: Նախատեսվել են որակի ապահովման նաև այլ երաշխիքներ:
Ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները
Հավանության է արժանացել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների՝ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները, սահմանվել է խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվել է Անվտանգության խորհրդի և ամրագրվել է, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թ. փոփոխություններով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հանքարդյունաբերության ոլորտի բաց և հասանելի տեղեկատվությունը կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաև առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն: Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԱՃԹՆ ստանդարտին՝ ՀՀ-ում դրա սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրի կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպությունը և վերլուծության արդյունքում կպատրաստի հանրային զեկույց: Օրինագծերով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ: Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, փոփոխություն կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերիի վերաբերյալ:
Այլ որոշումներ. մարտի 9-ը ոչ աշխատանքային օր է
Կառավարության որոշմամբ մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մարտի 17-ը` շաբաթ օրը:
Գործադիրը հաստատել է ընտանեկան, սոցիալական, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների և հրատապ oգնությունների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի գետերի բնապահապանական թողքի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:
Գործադիրի որոշմամբ կլուծարվի Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը: Ըստ հիմնավորման՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց: Աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: