երեքշաբթի, 30 հունվարի 2018
Վարչապետն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:
Տրամադրվել են 10 ՄՎտ ընդհանուր հզորության 11 փոքր արևային կայանների կառուցման լիցենզիաներ. դրանք պիլոտային ծրագրեր են, որից 3-ն արդեն կառուցված է, մնացածը առաջիկա 1-2 տարում շահագործման կհանձնվի: Հայտարարվել է Մասրիկ-1 արևային կայանի (դրվածքային հզորությունը` 55 ՄՎտ) կառուցման մրցույթը, որի նախաորակավորման փուլն անցել է միջազգային հեղինակություն և փորձ ունեցող 10 ընկերություն: Մրցույթը կշարունակվի 2018 թ., կընտրվի հիմնական կապալառու, և նախարարության հաշվարկներով՝ 2019 թ. արդեն ավարտուն Մասրիկ-1 կայանը կհանձնվի շահագործման:
Առանց լիցենզավորման արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման խթանումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ թույլատրելի հզորությունը 150 կՎտ-ից հասցվել է 500 կՎտ-ի: Փետրվարի մեկի դրությամբ արդեն տեղադրված է 274 արևային կայան՝ 2.8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: 2017 թ. տրամադրվել են 36 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 69 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա 2-3 տարիներին: Առնվազն առաջիկա 2 տարում 10 ՄՎտ կհասնեն զուտ փոխհոսքերի սկզբունքով աշխատող արևային կայանները: Բացի դրանից, արդեն առաջիկա տարիներին ներքին սպառման կառուցվածքում հիդրո- և արևային կայաններից արտադրվող հոսանքի տեսակարար կշիռը կհասցվի մոտավորապես 50 տոկոսի:
Նախարարի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի ծավալի, գազի ծախսի կրճատումն է մոտավորապես 20 տոկոսով. պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով կառավարության որոշմամբ իտալական «Ռենկո» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և սկսվել են Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքները: Ֆինանսավորումը կատարում է Միջազգային ֆինանսական կորպորացիան: Նախատեսվում է, որ ՕԳԳ-ն կհասնի 53 տոկոսի, ինչն ընդհանուր միջին հաշվեկշռով կնվազեցնի գազի ծախսը գազային կայաններում: Բացի այդ, այս տարի կմեկնարկի ամերիկյան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետ անցած տարի ստորագրված համաձայնագիրը. գտնվել են ֆինանսավորման աղբյուրները, և այս տարի հունիսին կմեկնարկի Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որի արդյունքում Երևանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կբարձրանա 1.3 տոկոսով, և 7 ՄՎտ-ով կավելանա արտադրական ներուժը: Այս երկու միջոցառման շնորհիվ Հայաստանը կկարողանա առաջիկա 2-3 տարում 20 տոկոսով իջեցնել գազի ծախսը գազային կայաններում:
2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները և ժամկետները:
Կառավարության կողմից հաստատվել,Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը:
2017 թ. վերսկսվել և ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.:
2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչև 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը և մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը ևս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին:
2017 թ. արձանագրվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում արտահանման ծավալների աննախադեպ աճ՝ դեպի Վրաստան և Իրան: 2017 թ. Հայաստանը դարձել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և հայտ է ներկայացրել առաջիկա 1-2 տարվա համար էներգետիկ խարտիայում ևս նախագահող երկիր դառնալու համար: Հայտը գտնվում է քննարկման փուլում:
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը և վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաև՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում և վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները և գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հարցին՝ նախարար Մանուկյանը ներկայացրել է պատասխանատու ընդերքօգտագործման և հաշվետու հանքարդյունաբերության առումով կատարված աշխատանքները: Այս նպատակով նախարարության երեք ստորաբաժանում միավորվել է մեկ միասնական՝ Ընդերքի գործակալության մեջ, և ընդերքօգտագործողներն այժմ օգտվում են մեկ պատուհանի սկզբունքից: 2017 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որով Հայաստանը ոլորտում թափանցիկություն ապահովելու մի շարք պարտավորություններ է ստանձնել: «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաև երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել է, ամբողջությամբ տեղադրվել և հասանելի է www.geo-fund.am կայքում:
Կառավարությունը հաստատել է և ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում.
- ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով:
-Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների և հանքարդյունահանողների մուծած և վճարած բոլոր մասհանումների և գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից:
-Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն և պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչև մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը:
Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2017 թ. գործունեությունից՝ նշելով, որ ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով:
Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, ներքին շուկայում սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 7.0 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 2.9 տոկոս աճ՝ Իրանից: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը: «Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող», - ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաև այլընտրանքային՝ արևային, քամու և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման շրջանակում պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը և հաշվետվության եզրակացության հայերեն թարգմանությունը: Ներկայում դիտարկվում է ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» և «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: 2017 թ. իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցում. ընկերությունն սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը:
Նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երևակումների և 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի և գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա:
Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»: