ուրբաթ, 30 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանին:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ալի Հաղիղյանի պաշտոնավարման շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն նույն հաջողությամբ զարգանալ: Դրա համար, ըստ նրա, բարենպաստ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային առնչությունները, Հայաստանի անկախացումից հետո երկու պետությունների միջև ստեղծված փոխշահավետ հարաբերությունները: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի ընդլայնմանը, ինչին զգալիորեն նպաստում են երկուստեք բարձր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները: Այս համատեքստում կողմերը՝ ՀՀ նախագահի Իրան կատարած պաշտոնական այցից հետո, կարևորել են 2004թ. սեպտեմբերի 8-9-ը Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի նախատեսված այցը Հայաստան:
Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իրանի դեսպանն ընդգծել է, որ իր երկրի համար շատ կարևոր է ինչպես տարածաշրջանի խաղաղությունը, այնպես էլ բարեկամ Հայաստանի ներքաղաքական կայունության պահպանումն ու տնտեսության զարգացումը:
Տնտեսական փոխշահավետ գործակցության զարգացման գործընթացում զրուցակիցները կարևորել են, մասնավորապես, 2004թ. մայիսի 13-ին Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագրի ստորագրման փաստը, Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի իրագործումը: Նրանք բարձր են գնահատել 2002թ. դեկտեմբերի 9-11-ը երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Թեհրանում կայացած 4-րդ համատեղ նիստի աշխատանքներն ու ստորագրված փաստաթղթերը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր առաքելությունն իրականացնելու գործում և հայտնել այդ ամբողջ ընթացքում անձամբ իր ու ՀՀ կառավարության աջակցության պատրաստակամությունը: