Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 փետրվարի 2018

Կառավարությունը նախատեսում է մեղմել օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարությունը և նվազեցնել հարկային ստվերի ռիսկերը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ էր: «2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։
Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։ Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ մարմինների իրավասությունների տիրույթում»,
-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։
«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի մյուս հանձնարարականը վարչական գործերով ներկայացվող բողոքների վերաբերյալ էր: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ էինք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ: Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվեց 3-ով»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա, և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ Առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ կներկայացվեն առաջարկություններ։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը: «Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։ Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։
«Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,- ընդգծել է վարչապետը:


Կառավարությունը շարունակում է մատչելի գներով պարարտանյութեր, սերմացուներ և դիզվառելիք տրամադրել հողօգտագործողներին

 

Կառավարությունն ընդունել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» որոշում: Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել 3000 տոննա պարարտանյութ: Պարարտանյութերի սուբսիդիան կկազմի 285 մլն դրամ, իսկ դրանք մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար պետբյուջեից կհատկացվի 18,750,000 դրամ:
Հավանության է արժանացել նաև ՀՀ-ում 2018 թ. գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Այսպիսով, անհարժեշտություն է առաջանում Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,540,000 դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև՝ մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար:
Հավանություն է տրվել պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Ըստ հիմնավորման՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6,000,000 լիտր: Ծրագիրը իրականացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մինչև 360,000,000 դրամ: Նախարարությունը որոշմամբ հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կտրամադրի իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով:


Կկատարելագործվի բնական պաշարների կառավարման համակարգը. առաջին անգամ թափոնների վերամշակման պարտադիր պահանջ է դրվում


Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս չկա բնական պաշարների արդյունավետ կառավարումն ապահովող համապարփակ քաղաքականություն: Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով: Ռազմավարությամբ առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ: Մասնավորապես, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: «Խոսքը վերաբերում է պոչամբարներին: Առկա է 22 պոչամբար, և դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,-ասել է նախարարը:
Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը: Ընդունված որոշման նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումն ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք՝ ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար: Այդ նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 


Օրենսդրական նախաձեռնություններ
 

 

Գործադիրը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով նախատեսվում է, որ «օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում»: Ըստ հիմնավորման, մասնավորապես, «911» ծառայությունը իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Ծառայության գործունեության ընթացքում գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը կարևորագույն գործընթաց է, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսգրքերը կհամապատասխանեցվեն «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Օրենքների նախագծերով հստակեցվել են դատական վարույթի հրապարակության վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում՝ սահմանվել են եզրափակիչ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկելու վերաբերյալ դրույթներ: Փաթեթով ամրագրվել են դատավարության լեզվին չտիրապետող վարույթի մասնակիցների՝ թարգմանչի ծառայություններից օգտվելու, փաստաթղթերը դատավարության լեզվին համապատասխան ներկայացվելու և դատավարության լեզվի սկզբունքից բխող նոր պահանջներ: Բացի այդ, վերանայվել են դատարանի կազմին և կոլեգիալ կազմով որոշումներ ընդունելու կարգին վերաբերող դրույթները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

 

Կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը


Գործադիրը հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը: Փաստաթղթով սահմանվել են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը: Ռազմավարությամբ առաջարկվում է ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնություն» համակարգում՝ նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը, կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող էկոլոգիական կրթության արդյունավետ գործող համակարգ, առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել է նաև պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի հանրապետության անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:

 

Այլ որոշումներ


ԵԱՏՄ անդամակցությունից բխող և ՀՀ ներքին օրենսդրությամբ կարգավորման ենթակա ոչ սակագնային ոլորտը կանոնակարգող որոշ իրավական ակտերում ամրագրված նորմերի համապատասխանեցման, ինչպես նաև դրանց իրավակիրառման ընթացքում առաջացած մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Կկանոնակարգվեն ֆիզիկական անձանց կողմից ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման համար թույլտվության տրամադրման հնարավորության հետ կապված հարաբերությունները:
Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարել են: «Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ չափորոշիչներով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասել է վարչապետը:
Ի պատասխան՝ Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված չափորոշիչները, որտեղ ֆիքվսել է նորմ, որով արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել 2018թ. պլանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ