հինգշաբթի, 5 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսության և առևտրի նախարար Ղասսան ալ-Ռիֆաիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի անցկացման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Սիրիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանումը կարևոր տեղ է գրավում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ թեև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկուստեք ջանքեր են գործադրվել առևտրատնտեսական և գիտամշակութային համագործակցության զարգացման ու տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու ուղղությամբ, սակայն առ այսօր դրա ծավալները հեռու են գոհացուցիչ լինելուց: Այդ համատեքստում կողմերը կարևորել են Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, որի համանախագահն է Ղասսան ալ-Ռիֆաին: Վերջինս Հայաստանի վարչապետին զեկուցել է հանձնաժողովի երրորդ նիստի աշխատանքների ընթացքն ու բարեհաջող ավարտը նշելով, որ դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք կարևոր համաձայնագրեր՝ առողջապահության, կապի և հեռահաղորդակցության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Կարևորելով ստորագրված համաձայնագրերի, համատեղ ծրագրերի հաջող իրականացումը, նախարարը հայտնել է նաև այդ գործընթացին ակտիվորեն հետևելու նպատակով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու սիրիական կողմի մտադրության մասին:
Խոսելով երկու պետությունների միջև ներկայիս առևտրափոխանակման ցածր մակարդակի մասին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Ղասսան ալ-Ռիֆաին արտահայտվել են առաջիկայում ապրանքաշրջանառության ծավալները հնարավորինս մեծացնելու օգտին: Զրուցակիցները, միաժամանակ, գոհունակություն են հայտնել գիտության և կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցությունից՝ ընդգծելով այդ ոլորտների վերաբերյալ նախկինում ստորագրված միջպետական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի կատարման արդյունավետ ընթացքը: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, դեղագործության, արդյունաբերության մի շարք ճյուղերում համագործակցությունը, գործարարների անմիջական շփումները միմյանց հետ: Կողմերը հատկապես կարևորել են Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդունաբերողների և գործարարների միության ու Սիրիայի համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ակտիվացման անհրաժեշտությունը՝ երկկողմ տնտեսական ու առևտրային փոխշահավետ կապերի խթանման համար:
Հայաստանի կառավարության ղեկավարը, կարևորելով գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության շարունակական բնույթը, շնորհակալությամբ է նշել Սիրիայի կառավարության կողմից օգնության կարգով Հայաստանին ցորենի և կարտոֆիլի սերմացուի անվարձահատույց տրամադրման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը կարող է նոր լիցք հաղորդել Սիրիայի վարչապետ Նաջի Ուտրիի պաշտոնական այցը Հայաստան, որին հրավեր արդեն ուղարկվել է: