Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մարտի 2018

Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրումը նախատեսվում է իրականացնել միասնական էլեկտրոնային հարթակում








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը որոշ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայման վերաբերյալ էր: «2018 թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էինք 2017 թվականը 2016 թվականի համեմատությամբ՝ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության վերլուծության հարցին։ Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես՝ ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև՝ որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի և պլանավորվածի միջև անհամապատասխանություններ։ Չնայած հիմնականում ապրանքի փաստացի ձեռքբերման գինը պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է խնայողություն, սակայն նշվածը հանդիսանում է ոչ հստակ, ոչ ամբողջական պլանավորման արդյունք»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին՝ 2-ամսյա ժամկետում, քննարկելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր, 1-ամսյա ժամկետում՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների՝ մեկ միասնական չափման միավորը, 2-ամսյա ժամկետում՝ առողջապահության նախարարի հետ համատեղ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավորը։
Հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով:
«Մենք 2017թ. ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից՝ այն բյուջեներում, որոնք պլանավորում ենք ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ: Բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորելիս շատ ենք նախատեսում, և այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա: Չնայած ֆիքսում եմ, որ տենդերներով անցած գնումների արդյունքում մենք պրակտիկորեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում գնումների մեջ ունենք նվազեցում»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակի վերաբերյալ էր: «Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,-նշել է վարչապետը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանաության և առողջապահության, նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ՝ նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:
Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր լիզինգային գործունեության զարգացմանը: «Ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից 3-ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով: Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև՝ կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը։ Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև` կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բանկային ծառայությունների ընդլայնման համար»,-նշել է կառավարության ղեկավարը։ Այդ նպատակով վաչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում՝ անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաև՝ ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։

 


Կկարգավորվեն հանրապետությունում անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին: Նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման ծրագրերում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար: Արդյունքում կկարգավորվեն հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքներն սկսվել և դադարեցվել են 1988-1993 թթ.-ին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման: Արդյունքում կբարելավվի բնակավայրի քաղաքաշինական միջավայրը, կառուցապատման նոր տարածքները կօգտագործվեն նպատակային, սոցիալական բնակարաններով կհամալրվեն սոցիալական բնակֆոնդը, կկառուցվեն հասարակական և արտադրական նշանակության անհրաժեշտ օբյեկտներ: Կիսակառույցների վերաբերյալ բազան կներկայացվի մարզպետարաններին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մարզերի զարգացման ծրագրերում այն ներառելու, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերակառուցելու նպատակով:
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: 2009-2012 թթ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ: Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են ՀՀ սեփականությունը: Որոշմամբ նախատեսվում է բաշխված բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով: Իսկ չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն: Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թթ. պետբյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով: Առաջարկվում է այդ բնակարանները ևս նվիրաբերել համապատասխան համայնքներին:


Կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները


Օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու նպատակով՝ կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

 


Դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը նախատեսվում է ներդնել աստիճանաբար


Դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգն աստիճանաբար ներդնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ համապատասխան որոշման գործողությունը կկասեցվի մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թ. հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: Ըստ հիմնավորման՝ բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ բոլոր դեղատոմսային դեղերի համար որոշման միաժամանակ կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:
Վարչապետը հորդորել է առողջապահության նախարարությանը լինել ուշադիր գործընթացի ժամանակ, քանի որ անգամ տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են. «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:

ՀՀ Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն կստեղծվի


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին և ընդունել է վերջինս ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ Լոռու մարզի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքներում, մինչև 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է «Ecosign» միջազգային լավագույն կազմակերպությունը: Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ: Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի և կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ:

 

Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարության որոշումներով Շենգավիթ բժշկական կենտրոնը, «Այ Պլաստ» և «Սաթենկար» ՍՊԸ-ները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Այսպես՝ Շենգավիթ բժշկական կենտրոնը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է առողջապահության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 5,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս մոտ 140 մլն ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի մոտ 70 նոր աշխատատեղ՝ 300 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«Այ Պլաստ» ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար՝ իրականացնելով 40 000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Արտադրանքի ծավալը կկազմի մոտ 102 մլն ՀՀ դրամ, որից 32 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 70 մլն ՀՀ դրամը կարտահանվի ԵԱՏՄ։
«Սաթենկար» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, իրականացնելու է մոտ 190 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներկայումս ստեղծված է 43 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 7-ը՝ 82 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 286 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։



Միջազգային համագործակցություն. մի շարք երկրների քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի


Կառավարությունն ընդունել է «Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» որոշումը: Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել ««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Doing business 2017» հաշվետվությունում ներկայացված՝ ՀՀ-ում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությունից և վարչապետի համապատասխան հանձնարարականից: Օրինագծի ընդունման արդյունքում արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 5 աշխատանքային օր, իսկ արհեստակցական միության պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման ժամկետը՝ 10 աշխատանքային օր:
Հավանություն է տրվել ««Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով ապահովվել է տերմինաբանական միասնականությունը, վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի միջև աններդաշնակությունը: Բացի այդ, դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:
Գործադիրի հավանությանն է արժանացել ««Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Օրինագծով ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները և այլն:
Հավանություն է տրվել ««Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու սահմանադրական պահանջը: Օրինագծով հստակեցվում են փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման կարգն ու պայմանները: Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու իրավունքը:
Գործադիրի հավանությանն է արժանացել ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի նպատակն է լուծում տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Օրինագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հավանություն է տվել ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը: Օրինագծերով սահմանվել են հանձնաժողովի կազմը, անդամներին ներկայացվող պահանջները և լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը և կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունները, նախատեսվել են հանձնաժողովի կողմից մշտադիտարկման միջոցով հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կառուցակարգեր: Փոփոխվել են նաև Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները և հստակեցվել են խորհրդի իրավասությունները:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

 

 


Այլ որոշումներ


Կառավարության որոշմամբ ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 7-ը` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Հավանության է արժանացել ՀՀ-ում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թթ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Արդյունքում նախատեսվում է մանկապատանեկան մարզադպրոցներն ապահովել ըստ մարզաձևերի և մարզման փուլերի ուսումնական ծրագրերով, կատարելագործել նյութատեխնիկական բազան, շարունակաբար կազմակերպել մարզիչ-մանկավարժների վերապատրաստումը, բնակության վայրերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում, մանկապատանեկան սպորտի զարգացման համար ստեղծել մարզման համար անհրաժեշտ պայմաններ:
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով, որ 2018 թ. ևս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25000 դրամի չափով: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:
Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար գործադիրը ընդունել է համապատասխան որոշում:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ Տրանշ Ա» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ տեխնիկական համագործակցություն» դրամաշնորհային ծրագրերը ՀՀ 2018 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ