ուրբաթ, 6 օգոստոսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Երևանի Հարավարևմտյան Բ-3 թաղամասի N 191 դպրոցի տարածքի կանաչապատումը և մարզադաշտերի բարեկարգումը, Բեռլինի կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է կատարել Գյումրի քաղաքի «Հենզել-Գրեթել» N 21 նախակրթարանի կաթսայատան վերանորոգման աշխատանքները: «Կամար» բարեսիրական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օգնություն Շիրակի մարզի առողջության կենտրոնին» ծրագրի նպատակն է աջակցել կենտրոնի գործունեությանը, ապահովել տեխնիկական ու տնտեսական միջոցներով: Կազմակերպությունը նախատեսում է իրականացնել նաև «Անմիջական օգնություն և դպրոցական կահույք Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցին» ծրագիրը:
Նիստում հաստատված «Առաքելություն Արևելք» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների զարգացմանը» ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ՀՀ ազգային ուսումնական ծրագրի հիման վրա, ուսման դժվարություններ ունեցող երեխաների համար ուսումնական ծրագրեր ստեղծելու և իրականացնելու գործում:
Քննարկվել և հաստատվել են նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից Երևանում իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է N 1 հանրակացարանում կատարել մասնակի հիմնանորոգման աշխատանքներ, «Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ Գյուղի ենթակառույցների զարգացում» ծրագիրը, որի նպատակն է Քարակերտ գյուղի 2 դպրոցների, մանկապարտեզների, բժշկական ամբուլատորիայի հիմնովին վերանորոգումը և գյուղում համակարգչային կենտրոնի ստեղծումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպման ծրագրերը:
Նիստում հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։