շաբաթ, 7 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
Հարգելի շինարարներ,
Այսօր ձեր տոնը դուք դիմավորում եք վաստակած իրավունքով, քանի որ անկախացումից հետո Հայաստանում վերջին տարիներին վիթխարի նախագծման և շինարարական-մոնտաժային աշխատանքների ծավալներ են իրականացվել՝ բարձր որակով և աննախադեպ կարճ ժամկետներում: Ձեր ջանքերով շահագործման են հանձնվել հանրապետության տնտեսության, սոցիալական, կրթամշակութային կյանքի համար մեծ կարևորություն ունեցող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով նախատեսված օբյեկտները, հանրապետական նշանակության կամուրջներ և ճանապարհներ, Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելները, իրականացվել են մշակութային տասնյակ օբյեկտների, հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և տեխնիկական վերազինման ծավալուն աշխատանքներ: Այդ ամենում, անկասկած, մեծ է ոլորտի մասնագետների ներդրումը՝ նախագծողից մինչև շինարար:
Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության բնագավառների զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի վաստակի համար նրանցից ոմանք խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Վստահ եմ, որ տարեցտարի ավելանալու են կապիտալ շինարարության ծավալները, մեր ճանապարհները, քաղաքներն ու գյուղական համայնքները դառնալու են ավելի բարեկարգ ու բարետես, մեր ծրագրերի շրջանակներում լուծում են ստանալու բնակարանային խնդիրները: Եվ գեղեցիկ այս տոնը բոլորս միասին նշելու ենք նոր, ավելի մեծ ձեռքբերումներով ու առիթ ենք ունենալու ոլորտի զարգացման ուղղությամբ մատուցած ծառայությունների և բեղմնավոր գործունեության համար ավելի շատ մարդկանց խրախուսել:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Շինարարի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ բոլորիդ աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ, երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին: