երկուշաբթի, 9 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնող Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակության անդամներին: Պատվիրակության մեջ են նախապատրաստական կազմկոմիտեի անդամներ, մարզիչներ, 18 մարզիկներ՝ 9 մարզաձևերի գծով:
Կազմկոմիտեի նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը զեկուցել են, որ օլիմպիական թիմի նախապատրաստական շրջանն անցել է շատ հաջող, մարզչական առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, լուծվել են նաև նյութական ու տեխնիկական բնույթի բոլոր խնդիրները: Ըստ նրանց, Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է բարձր կարգի մարզիկներով, որոնց զգալի մասը միջազգային տարբեր մրցումների չեմպիոններ ու մեդալակիրներ են: Հավաքականի ղեկավարները, մարզիչներն ու մարզիկները հավաստիացրել են, որ թիմը տրամադրված է մարտականորեն և մարզական բարձր արդյունքների հասնելու վճռականությամբ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել երկրի օլիմպիական հավաքականի նախապատրաստական աշխատանքներից: Փոխանցելով նաև հանրապետության նախագահի բարեմաղթանքները, վաչապետը նշել է, որ ամբողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեծ ակնկալիքներով և հույսերով է սպասելու մեր օլիմպիականների մրցելույթներին: «Ձեր ամեն մի հաղթանակը, այդ առթիվ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումն ու օրհներգի հնչեցումը լրացուցիչ ուժ ու եռանդ, հպարտություն են հաղորդելու մեր ժողովրդին»,-նշել է նա:
Հանդիպման ավարտին վարչապետը մարտական ոգի և հաջողություններ է մաղթել Հայաստանի օլիմպիականներին, հույս հայտնելով, որ նրանք տուն կվերադառնան հաղթական ավարով: