Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մարտի 2018

Մարզերում արձանագրվել է զգալի դրական աճ. վարչապետը հանձնարարել է վերանայել մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,-նշել է վարչապետը։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարվել է մարզպետարանների աշխատակազմի և մարզպետարանների ենթակայությամբ գործող այն ոլորտներում և մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։
Վարչապետի մյուս հանձնարարականն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակեպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակեպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ:
Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակությանը: «2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովը կատարել է։ Արդյունքում՝ 2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, իսկ դեռևս փակման ենթակա են 108-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած առկա դրական զարգացումներին, դեռևս բավարար և ընդունելի չէ»,-նշել է վարչապետը։
Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների հրատապ լուծման կարիք՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում, համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։ «Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-ասել է վարչապետը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է նաև նախատեսված աշխատանքներն ավարտելուն պես՝ մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

Հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը, կապահովվի դրա բնականոն գործունեությունը: Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա, դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն: Պրոբացիայի ծառայությունը ներգրավված կլինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման հենց սկզբնական փուլում, ինչը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել այն դատապարտյալի ռիսկերի և կարիքների մասին, ով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կդառնա պրոբացիայի շահառու:
Գործադիրը հավանություն է տվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ: Օրինագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել վերոնշյալ անձանց դրամական ապահովության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:
Գործադիրը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման և այլ հարցեր: Հստակեցվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը, սահմանվել են տեղական հանրաքվեի քարոզչության իրականացման և ֆինանսավորման նոր կարգավորումներ:
Հավանության է արժանացել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ստեղծել դեպարտամենտի բնականոն գործունեության ապահովման անհրաժշետ նախադրյալներ: Օրինագծով սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը, ամրագրվել են դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները, լրացվել են դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները և այլն:
Հավանության է արժանացել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:
Գործադիրը հավանություն է տվել 2017 թ. ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 


Հրազդանում ջերմոցային տնտեսություն կկառուցվի, Ապարանում՝ մանկապարտեզ, իսկ Փարաքարում՝ ՏՏ կենտրոն


ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը:
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասի մի հատվածը նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող նախկին դպրոցի շենքը կնվիրաբերվի համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Ծրագրի համաձայն՝ համայնքը նախատեսվում է շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, 3 տարվա ընթացքում իրականացնելով 50 մլն ՀՀ դրամի ներդրում:

 

Միջազգային համագործակցություն


Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագրի» կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:


Այլ որոշումներ


Կառավարությունը լրացում է կատարել «ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություններին հավանություն տալու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետները 2018 թ. զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը կներկայացնեն մինչև սույն թվականի ապրիլի 15-ը՝ փերտվարի 15-ի փոխարեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանայել հարցը և մարզերի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի ներկայացման ժամկետ սահմանել հունվարի 15-ը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ստուգումները համապատասխան ստուգաթերթերով իրականացնելու հնարավորությունն ապահովելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վարչապետը հորդորել է այնպիսի մեխանիզմ կիրառել, որը բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի:
Գործադիրը սահմանել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերի ներկայացման կարգը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել կատարողական վարույթի ընթացքը:
Կառավարությունն ընդունել է «2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ հաշվի առնելով նաև 2018 թ. հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ