հինգշաբթի, 5 ապրիլի 2018
Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերացնել հանրային նշանակության վայրերում տեխնիկական անվտանգության խնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: «Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ Միաժամանակ նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,-ասել է վարչապետը։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարին 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։ «Խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին»,-նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետն առաջարկել է նաև գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։
Արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։
Դիմելով արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետը նշել է. «Ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով ադմինիստրատիվ խնդիրներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում չունենանք»:
Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ
Վարչապետի մյուս հանձնարարականը տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ էր: Կարեն Կարապետյանը, կարևորելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդրումը, նշել է, որ այն պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: «Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդրումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ֆինանսների,տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարավել է նաև 3-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։
Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի մշակմանը: «Շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է համարվում շինարարության թույլտվությունների տրամադրումը։ 2017 թվականին 2016 թվականի 2404 տրամադրված շինարարության թույլտվությունների համեմատությամբ մարզերում և Երևան քաղաքում տրամադրվել է 3407 թույլտվություններ՝ 1003-ով ավելի։ Չնայած նշված դրական դինամիկային՝ պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես՝ կանխատեսելիության տեսանկյունից»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում՝ անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին։ Միաժամանակ հանձնարարվել է քաղաքաշինության պետական կոմիտեում նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմ։ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է ըստ հաստատված ժամանակացույցի ապահովել համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։ Հանձնարարվել է համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն և սահմանել հսկողություն՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ։ Իրականացված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. 1-ին եռամսյակի համար նախատեսված միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումներն ու դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Ինչպես նաև տեղեկատվություն ներկայացնել նշված ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը: Օրինագծերով, մասնավորապես, ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները: Նախատեսվել է նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը, լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը և այլն:
Հավանության է արժանացել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փոփոխությունների նպատակն օրենքի դրույթները նոր սահմանադրական կարգավորումների արդյունքում ձևավորված իրողություններին համապատասխանեցնելն է: Օրինագծով առաջարկվում է, մասնավորապես, վերոնշյալ օրենքը լրացնել նոր հավելվածով՝ սահմանելով, որ օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող ստաժում հաշվարկվում է այդ հավելվածում ներառված պաշտոններում աշխատած ժամանակահատվածը։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Մասնավորապես՝ այն կնպաստի կողմերի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի հետ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը: Նախագծով նախատեսվում է լրացուցիչ 10,677,328.00 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսում է իրականացնել 706,3 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 683,8 մլն ՀՀ դրամը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 833,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 2,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ Իտալիա։
Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հորդորել է լինել ուշադիր հումքի ներկրման հարցում՝ տեղական արտադրողի համար խնդիրներ չստեղծելու համար: «Մենք լոյալ դաշտ ենք ստեղծում, որ բիզնեսը զարգանա, բայց մենք մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Զեննի» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թեթև արդյունաբերության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է մոտ 70 մլն ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ՝ 80 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ և Վրաստան։
Նոյեմբերյան համայնքում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին կնվիրաբերվի Բաղանիս գյուղի համապատասխան հասցեում գտնվող հողամասը՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Ծրագիրը կիրականացնեն «Փարոս» հիմնադրամը և Հայկական կարմիր խաչը: Վերջինս կառուցելու է նոր ապաստարանը, իսկ մանակապարտեզի շենքը կառուցելու է «Փարոս» հիմնադրամը: Ապաստարանի կառուցման բյուջեն կազմում է 6 մլն ՀՀ դրամ, իսկ մանկապարտեզինը՝ 41 մլն ՀՀ դրամ:
Այլ որոշումներ. կփոխատուցվի Մեղրիի տարածաշրջանի բնակիչների անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը
Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թ. օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Փոխհատուցում կստանա տարածաշրջանի 76 շահառու:
Միջազգային կազմակերպություններում աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է «ՀՀ կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Արդյունքում կապահովվի «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների կիրարկումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան օրենքներով սահմանված դեպքերում լիազոր մարմին ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը՝ սահմանելով նաև գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը լրացնելու և ներկայացնելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, սահմանվում է, որ գումարների փոխանցումն ու մուտքագրումը ՀՀ պետական բյուջե կազմակերպելու, այդ գումարները հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հաշվառելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում ծառայության անվամբ բացվում է գանձապետական ենթահաշիվ։
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ելնելով Սահմանադրության պահանջից՝ առաջիկայում կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Օգտվելով առիթից՝ բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,-դիմելով նախարարներին՝ ասել է վարչապետը՝ հորդորելով շարունակել աշխատանքը նույն տեմպով ու եռանդով: