ուրբաթ, 13 օգոստոսի 2004
Այսօր կառավարությունում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների կիրառումն ապահովելու նպատակով՝ «Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող հիմնարկների և կազմակեպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվել է , մասնավորապես, որոշման մեջ ամրագրել, որ նշված ցանկում ընդգրկված գյուղատնտեսական, գիտական և ուսումնափորձնական հիմնարկների և կազմակերպությունների համար հողի հարկից 50 տոկոսի չափով ազատման արտոնությունը կիրառվում է այն հողերի մասով, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակով: Նախատեսվել է նաև, որ հողերի օգտագործման նպատակային նշանակության և դրանց չափերի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկման ժամանակ արծարծված հարցերի լրամշակման վերաբերյալ, որոնց կատարման արդյունքները կամփոփվեն առաջիկա խորհրդակցության ժամանակ: