ուրբաթ, 6 ապրիլի 2018
Կառավարությունում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված գումարից համայնքների ներդրումը կազմում է 791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը պետական աջակցությունն է: Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում, փողոցների ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում, մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում, մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում և այլն:
Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝ բոլոր ծրագրերը մանրամասն քննարկվել են շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրերի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն գերատեսչությունների առաջարկությունները, որպեսզի ձևավորվեն իրատեսական ծրագրեր: Նա նաև հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող և իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին:
Քննարկումների ընթացքում վերոնշյալ 40 ծրագրային հայտից միայն մեկին որոշվել է առայժմ հավանություն չտալ՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով, որպեսզի վերջինս կարողանա սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման պարտավորությունը: