ուրբաթ, 6 ապրիլի 2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, ով Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Վարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կառուցողական փոխգործակցությանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներն ընդհանուր են, և դրանք համատեղ լուծում են պահանջում: Կարծում եմ՝ այդ առումով մենք հասել ենք փոխգործակցության լավ մակարդակի»,-ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի և, հետևաբար, այդ արտադրանքի արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է՝ վարչապետը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:
Աննա Պոպովան իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձևավորվել՝ մասնավորապես նշելով լաբորատորիաների և գիտահետազոտական հաստատությունների հետ գործակցությունը:
Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը՝ նա նշել է, որ տեղյակ է այն ջանքերին, որ Հայաստանը գործադրում է ոլորտի զարգացման և ընդհանուր շուկայի անվտանգության պահպանության ուղղությամբ:
Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել նաև ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերի մասին: