հինգշաբթի, 12 ապրիլի 2018
Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին:
Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված օրենքի մշակումն ու ընդունումը և ընդգծել, որ դրանում պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև օրենքի կարևորությունը՝ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից և նշել, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ներդրումային ծրագրեր են նախատեսվում տարբեր ոլորտնեում, այդ թվում՝ ջրամբարաշինության և ճանապարհաշինության բնագավառներում: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է օրենքի նախագծի շուրջ քննարկումներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: