հինգշաբթի, 19 օգոստոսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է օրենսգիրքը միջազգային չափանիշներին և գործող նոր քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մեկ շաբաթ է տրվել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ օրինագիծը վերջնական լրամշակման ենթարկելու համար, որից հետո այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում՝ առանձին դրույթների ճշգրտման և հստակեցման նպատակով, փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին:
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2004թ. պետական բյուջեում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ, որոնցով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 29 մլն 700 հազար դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Գարեգին Նժդեհ փողոցի ուղեանցի (16 մլն 100 հազար դրամ) և Երևան-Սևան մայրուղու ուղեանցի (Ավանի խճուղու հատումում) (13 մլն 600 հազար դրամ) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով: Մեկ այլ որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով ՀՀ 2004թ. պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող՝ Երևանի համաքաղաքային նշանակության 2004թ. ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշմամբ հաստատված հավելվածում: Նոր մշակված և կազմված նախագծա- նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, հնարավորություն է ստեղծվել Հալաբյան 31 շենքի ամրացման համար 2004թ. պետական բյուջեով նախատեսված 199.5 մլն դրամով ամրացնել նաև շահագործման համար ոչ հուսալի դարձած Լենինգրադյան 24 շենքը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հետ վերցնել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող շենքային համալիրի երկրորդ ուսումնական մասնաշենքի երրորդ և չորրորդ հարկերը (1162 քմ) և առաջին հարկից 58 քմ տարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է այդ տարածքը նշված կազմակերպության կազմում ստեղծված սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռակապի կիրառման ազգային ցուցադրական կենտրոնին հատկացնելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, հետ է վերցվել նաև «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 6-րդ հարկը և այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այդ կազմակերպություններին ամրացվել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ամրացված գույք և սարքավորումներ: Որոշումն ընդունվել է նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 1996թ. սեպտեմբերի 27-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև իրավական հիմք ստեղծել Արձանագրությամբ հայկական կողմին վերադարձվող չորս ռազմական ավանների հանձնման համար:
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 1994թ. օգոստոսի 19-ին և 1996թ. հունվարի 26-ին կնքված համաձայնագրերի հիման վրա ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, ՀՀ երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերը, դրանք իրականացնող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը:
ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը»: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը»:
Նիստում կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Գայանե վանքի միջև գտնվող միաբանական գերեզմանատունն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ իր նշանակությամբ դրա օգտագործումն ապահովելու նպատակով: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիր կնքել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:
Կառավարությունը հաստատել է ՀՀ գործադիր իշխանության որոշ մարմինների՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, մաքսային պետական կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև տեղեկատվության փոխանակման ցանկերը: Որոշումն ընդունվել է ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակարգման արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարման բարելավման նպատակով:
Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004-2005 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերի թիվն ավելացնել 172-ով: Որոշմամբ ավելացված տեղերի հաշվին ընդունված ուսանողների 2004թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումը կապահովվի ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: Որոշումն ընդունվել է «Կրթության մասին» օրենքին համապատասխան և հաշվի առնելով արտոնություններ ունեցող դիմորդների մեծ թիվը:
Մեկ այլ որոշմամբ հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 2004թ. տարվա կտրվածքով նախատեսվող ֆինանսական արդյունքները, գործադիրը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման ուղղությունները:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը սահմանել է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգն ու պայմանները, ինչպես նաև հարկադիր կատարողների լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելումները: