չորեքշաբթի, 18 հուլիսի 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հեռանկարն ու հնարավորությունները: Փոխվարչապետը նշել է, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ երկու պետությունների համագործակցությունն ունի մեծ ներուժ և, ըստ նրա, միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ ձեռքբերումների: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ Արցախում ևս ձեռնամուխ են եղել իրականացնել բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ ի նպաստ Արցախի ժողովրդի բարեկեցության:
Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ապրանքաշրջանառության աճի, Արցախում ներդրումների և արտահանման խթանման հնարավորությունների շուրջ: