հինգշաբթի, 28 հունիսի 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար:
Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու և աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով: Փոխվարչապետը նաև դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի և մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին:
Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր և կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկարի վերաբերյալ:
Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ և հաջողությամբ իրականացված համատեղ նախաձեռնություններ կլինեն: