ուրբաթ, 20 օգոստոսի 2004
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ, որը նաև ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահն է, տեղի է ունեցել խորհրդի հերթական ընդլայնված նիստ: Քննարկվել են նախորդ՝ հունիսի 24-26-ը կայացած նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի ջրօգտագոծողների ընկերությունների հաշվետվությունները՝ մինչև օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ:
Նշված մարզերի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման գոտում գտնվող համայնքներում ջրամատակարարման վիճակը և համակարգում առկա խնդիրները: Նշելով, որ աշխատանքները հիմնականում նորմալ են ընթանում, զեկուցողներն անդրադարձել են նաև մի շարք հարցերի, որոնց լուծման համար անհրաժեշտ է կանոնակարգող խորհրդի աջակցությունը: Նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, մատակարարվող ջրի վարձերի հավաքագրման, դրանց արդյունավետ ծախսման, ոռոգման ջրի գերնորմատիվային ծախսերի նվազեցման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և այլ հարցեր:
Քննարկված խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմինների, ջրօգտագործողների ընկերությունների և ընկերությունների միությունների ղեկավարներին: