չորեքշաբթի, 20 հունիսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ
Հունիսի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:
Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձևաչափը և առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում:
Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձևաչափով, ՏՏ և ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն:
Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը և, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների և կոռուպցիոն դրսևորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձևավորել կանխատեսելի ներդրումային միջավայր:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն: