երկուշաբթի, 23 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 14- ամյակի առթիվ
Տասնչորս տարի առաջ, օգոստոսի 23-ի արդեն պատմական դարձած օրը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հռչակագրով հայ ժողովուրդը վերահաստատեց անկախ պետականությունը վերականգնելու, իր ազատ ու արժանապատիվ կյանքը կերտելու կամքն ու վճռականությունը: Այդպիսով, դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` հիմնվելով Հռչակագրում ամրագրված մեր համազգային նպատակների ու հիմնարար սկզբունքների վրա, որոնք լայն հնարավորություններ ստեղծեցին ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին՝ իրավահավասար փոխհարաբերություններ հաստատելու բոլոր ժողովուրդների ու պետությունների հետ, ոտք դնելու ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ինքնիշխան, իրավական, սոցիալական պետության կառուցման ուղին` հավաստելով համամարդկային արժեքներին հավատարմությունը:
Անցած տարիներին, չնայած բոլոր դժվարություններին, մեր պետությունն ու ժողովուրդը հավատարիմ մնացին Հռչակագրի սկզբունքներին` կառուցելով և տարեց-տարի հզորացնելով ու ամրապնդելով մեր պետականության հիմքերը: Հայոց ազատատենչ ոգու հավաստումն էր նաև հաղթանակով պսակված արցախյան ազատագրական պայքարը: Այսօր արդեն համազգային նպատակների շուրջ համախմբվելով` այդ ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ժամանակն է, անկախությունը` ժամանակավոր կենցաղային ու առօրեական բազմաթիվ դժվարությունների մեջ չարժեզրկելու, այլ աներկբա իբրև բացարձակ արժեք ընկալելու և գնահատելու ժամանակը: Մեզ պատմական հնարավորություն է տրված` սերունդներին փոխանցելու ազատ, անկախ և հզոր Հայաստան, որն էլ համայն հայության իղձերի իրականացման միակ և ամենահուսալի երաշխիքն է: