չորեքշաբթի, 1 օգոստոսի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օգոստոսի 1-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Առաջին փոխվարչապետը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ գործակալությունն այսուհետ կընդլայնի Հայաստանում իր ներգրավվածության ծավալները: Նա նաև նշել է, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու համար:
Դեսպան Ժ. Լաքոտը հավաստեց, որ Հայաստանում ներդրումներ անելու պայմանների էական բարելավման մասին լուրջ ազդակներ է ստանում Հայաստանում արդեն իսկ գործող ֆրանսիական ընկերություններից։ Տիկին Գ. Ասայագն իր հերթին հայտնեց, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին, ուստի և պատրաստ են կառավարությանն օժանդակել բարեփոխումների իրականացման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Զրուցակիցները հեռանկարային համարեցին տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, հանրային կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը: