երեքշաբթի, 14 օգոստոսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Քաղաքաշինության պետական կոմիտեում
Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե՝ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ:
Փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներով, զրուցել Կոմիտեի աշխատակիցների հետ, ծանոթացել կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքներին: Փոխվարչապետին են ներկայացվել բնակարանաշինության առկա ծրագրերը: Կոմիտեի նախագահի խոսքով աղետի գոտում բացի ընթացիկ կառուցապատման ծրագրերից նախատեսվում է նաև մինչև այս տարվա դեկտեմբերի 7-ը փորձարկել նոր տեխնոլոգիայով առավել էներգախնայող բնակարանի շինարարություն, և եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, հաջորդ տարի այդ ծրագրով նախատեսվում է լայնածավալ շինարարություն իրականացնել:
Փոխվարչապետը Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի հետ քննարկել է նաև թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկման հարցը: Կոմիտեի ղեկավարության խոսքով արդեն իսկ կա որոշակիորեն պատրաստված այդպիսի համակարգ, սակայն դրանում որոշակի փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետարանի ցանցի հետ ինտեգրելու խնդիր կա: Փոխվարչապետը կարևորեց այդ խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Շրջայցի ավարտին Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը այցելեց Ճարտարապետության թանգարան, ծանոթացավ պատմական Անիի եկեղեցական ճարտարապետությանը նվիրված ցուցահադեսին: