ուրբաթ, 27 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Պեռ Ստիգ Մյոլերին:
Հանդիպման սկզբում վարչապետը շնորհավորել է պարոն Մյոլերին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որը լրանում է այսօր, և անձնական ու աշխատանքային հաջողություններ մաղթել նրան: Անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, մասնավորապես, հայ-դանիական հարաբերությունների ներկա վիճակին, կողմերը նշել են ինչպես քաղաքական համագործակցությանը, այնպես էլ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, դրան մեծապես կարող են նպաստել փոխադարձ բարձր մակարդակի այցերը, որոնցից առաջինն արդեն իսկ Դանիայի արտգործնախարարի աշխատանքային այցն է մեր երկիր:
Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և արտգործնախարար Պեռ Ստիգ Մյոլերը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ևս: Տեղեկացնելով, որ Դանիան պատրաստվում է դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, պարոն Մյոլերը խնդրել է վարչապետին իր տեսակետները ներկայեցնել մեր երկրի եվրաինտեգրման գործընթացների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակումը վկայում է տարածաշրջանի նկատմամբ Եվրոպական Միության հետաքրքրության աճը: Դրան է ուղղված նաև Հարավային Կովկասը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ այս տարվա հունիսին ԵՄ գագաթաժողովում ընդունված որոշումը: Ընդգծելով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման, կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը, Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների այսօրվա վիճակի և հեռանկարի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում ԵՄ-ի հետ համագործակցության մասին, վարչապետը մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի կառավարության տեսակետը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչին և ուղղված է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ նրա, ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևններ» ծրագրի իրականացումը ևս նոր խթան կհանդիսանա ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ տարածաշրջանային այլ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը կնպաստի նաև Դանիայի հետ մեր երկրի երկկողմ՝ այդ թվում տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը նրա կարծիքով փոխշահավետ կլինի երկու կողմերի համար: Տնտեսական համագործակցության ոլորտում, այլ բնագավառների թվում, վարչապետը հեռանկարային է համարել նաև էներգետիկայի ոլորտը՝ կարևորելով մեր երկրին անհրաժեշտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման հարցում Դանիայի հետ փորձի փոխանակումը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և արտգործնախարար Պեռ Ստիգ Մյոլերը հավաստել են Հայաստանի և Դանիայի միջև համագործակցությունը շարունակելու և զարգացնելու երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը: