հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների քննարկումը: Վերոնշյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով, ինչից հետո նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների մանրամասների և դրանց համար պատասխանատու մարմինների սահմանման շուրջ: