երեքշաբթի, 31 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Հայքե Փայչին: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում՝ հավաստելով ՀՀ կառավարության աջակցության պատրաստակամությունը: Վերջերս Գերմանիա կատարած իր այցի շրջանակներում տեղի ունեցած հայ-գերմանական տնտեսական համաժողովին՝ դեռևս դեսպանի պաշտոնը չստանձնած տկն. Փայչի մասնակցությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, վկայում է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և հետագա խորացման հարցում նրա շահագրգռության մասին և հույս է ներշնչում, որ պաշտոնավարման օրոք դեսպանին կհաջողվի այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրել:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ չնայած գերմանական կառավարությունը մի շարք ծրագրեր է իրագործում Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում, սակայն դեռևս չօգտագործված լայն հնարավորություններ կան երկու երկրների միջև և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու գործում:
Երկկողմ գործակցությունից բացի, վարչապետը կարևորել է նաև, Գերմանիայի կողմից իրականացվող զարգացման ծրագրերի շրջանակում, տարածաշրջանում հավասարակշռված տնտեսական քաղաքականության իրագործման անհրաժեշտությունը: Նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության քաղաքական և տնտեսական առավել ակտիվ ներգրավման միտումները՝ Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ ընդգծել է ԵՄ-ի կարևորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ եվրաինտեգրման գործընթացում Հայաստանի ակտիվ փոխգործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում դեսպան Հայքե Փայչը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության խնդրով, որին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկիրը հայտնել է այդ զորավարժություններին մասնակցելու իր ցանկության և պատրաստակամության մասին, սակայն Ադրբեջանում քաղաքական որոշ ուժեր փորձում են խոչընդոտներ ստեղծել: Ըստ վարչապետի, դատելով առկա տեղեկատվությունից, ադրբեջանական իշխանությունները նրանց պատասխանատվության ենթարկելու քայլեր են ձեռնարկում, ինչը, թերևս, վկայում է զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցում Ադրբեջանի շահագրգռության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը կրկին հավաստել են ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման՝ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը: