չորեքշաբթի, 17 հոկտեմբերի 2018
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները:
Նիստի օրակարգում ներառված ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների ամփոփ զեկույցները վերաբերել են ինչպես առանձին ոլորտային բարեփոխումներին, այնպես էլ համաձայնագրի հրահանգներով պահանջվող միջոցառումներին: