ուրբաթ, 26 հոկտեմբերի 2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել և խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց շրջանակներում ձեռքբերված փորձը կլինի կիրառական և կօգտագործվի կառավարության հետ համատեղ առաջիկայում իրականացվելիք ծրագրերում: Փոխվարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը ԱԶԲ-ի պես թափանցիկ գործելաոճ և բարձր հեղինակություն ունեցող գործընկերոջ հետ:
Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Հոնգ Ուեյը կիսվել է այցից իր տպավորություններով և գոհունակությամբ խոսել ԱԶԲ-ի կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Նա ակնկալել է, որ Հայաստանի հետ ԱԶԲ հետագա համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի նաև սոցիալական ոլորտում և մասնավոր հատվածում նոր ծրագրերով:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ԱԶԲ կողմից Հայաստանում պարտատոմսերի թողարկմանը, գյուղատնտեսության ոլորտում նորարարական ծրագրերի ԱԶԲ փորձին և Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորել են բոլոր կարևոր ոլորտների հետ համատեղ մարդկային կապիտալի զարգացումը, որը կարող է լրացնել այլ ոլորտներում առկա բացերը: