երեքշաբթի, 31 օգոստոսի 2004
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ջրի ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ի գիտություն է ընդունվել խորհրդի նախորդ նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որից հետո օրակարգի հարցերի շրջանակում, քննարկվել է ջրի ազգային խորհրդի 2004-2005թթ. աշխատանքային ծրագրի նախագիծը: Այն ներկայացրել է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ, խորհրդի քարտուղար Հովհաննես Թոքմաջյանը: Խորհրդի անդամներին նա ներկայացրել է նաև օրակարգի երկրորդ հարցը՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման ծրագրի սխեման: Զեկուցված հարցերի հետ միասին նշվել է դրանց վերաբերյալ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք տեղ են գտել վերոհիշյալ նախագծերում: Խորհուրդը հաստատել է աշխատանքային ծրագիրը և սխեման: Վարչապետը հանձնարարել է ծրագրով նախատեսված 2004թ. միջոցառումների կտարման վերահսկողությունը դնել կառավարության աշխատակազմի վրա:
Նիստում քննարկվել է նաև «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Մինչ այս, օրինագիծը քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ: Օրենքի նախագծի նպատակը հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, մարդու բարեկեցության, տնտեսական և էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է: Հարցի վերաբերյալ հնչած առաջարկություններն ու դիտողությունները շահագրգիռ նախարարությունների հետ լրացուցիչ քննարկելու նպատակով բնապահպանության նախարարությանը տրվել է մեկ շաբաթ ժամկետ: