երկուշաբթի, 29 հոկտեմբերի 2018
Տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում կատարված աշխատանքները և հետագա գործունեության տեսլականը: Նա ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը և պիլոտային ծրագեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:
Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները և հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաև Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների և նորարարական լուծումների համար:
Նիստի մասնակիցները նաև համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:
Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ և ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը: