երկուշաբթի, 29 հոկտեմբերի 2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Լորդ Արա Դարզիին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի ղեկավար, հայազգի Լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ ուրախ են Հայաստան Լորդ Դարզիի հերթական այցելության կապակցությամբ և երախտապարտ՝ տարիներ շարունակ երկրին ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորդ Դարզին նշեց, որ զարգացման այս նոր փուլում Հայաստանի առջև լայն հնարավորություններ են բացվում և հենվելով այլ երկրների փորձի վրա՝ հնարավոր է թռիչքային առաջընթաց ապահովվել:
Տիգրան Ավինյանը նշեց, որ, հաշվի առնելով Լորդ Դարզիի մեծ փորձը առողջապահական համակարգի բարեփոխումների և առողջապահությունում նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման առումով, նա կարող է մեծապես նպաստել կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Ի պատասխան Լորդ Դարզին ասաց, որ պատրաստ է իր ներդրումը ունենալ այս գործընթացում, հավելելով, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը միևնույն բնույթն ունեն:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի գործունեության շրջանակներում համագործակցել առողջապահական բարեփոխումների և հանրային քաղաքականության բարելավման համար իրականացվող վարքագծային ուսումնասիրությունների հարցերով: Այս համատեքստում քննարկվեց նաև Հայաստանի՝ վարքագծային ուսումնասիրությունների ոլորտում տարածաշրջանային առաջնորդ դառնալու հնարավորությունները: