երկուշաբթի, 3 դեկտեմբերի 2018
Տեղի է ունեցել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի ընթացքում որոշումներ կայացվեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման, Երևան քաղաքի թվով 4 դպրոցների վերակառուցման և 1 դպրոցի ամրացման նախագծերի հետագա ընթացքի, Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի տարածքի ընդլայնման և թիվ 18 հիմնական դպրոցում առկա էլեկտրական ենթակայանի տեղափոխմանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Աշխատանքային խումբը հաստատեց նաև ուսումնասիրությունների և շահագրգիռ քննարկումների արդյունքում ձևավորված դպրոցների ցանկը, որոնք ունեն առավելագույն սեյսմիկ խոցելիություն և ենթակա են վերակառուցման կամ ամրացման ծրագրի հաջորդ փուլի շրջանակներում։ Ցանկը ներառում է Արագածոտնի մարզի Սասունիկ, Օհանավան և Շենավան, Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Մասիս և Այգեստան, Արմավիրի մարզի Պտղունք, Փարաքար, Ջրաբերդ և Մրգաշատ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Կամարիս, Լոռու մարզի Վանաձոր, Օձուն և Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Ճամբարակ, Տավուշի մարզի Գանձաքար, Շիրակի մարզի Ազատան և Արթիկ, Վայոց ձորի մարզի Վայք և Գետափ համայնքներում գործող թվով 26 դպրոցներ։
Համայնքներում և Երևանում ընթացող ու ծրագրավորված դպրոցների կառուցման, վերակառուցման և ամրացման հարցերի առնչությամբ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Միրզոյանն արձանագրեց, որ ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի առավելագույնս ապահով, անվտանգ և միաժամանակ կրթության համար բարենպաստ ու տրամադրող միջավայր ունեցող ժամանակակից դպրոցների կառուցումը, և որ այդ հարցում ռեսուրսների տնտեսումն ինքնին պետք է լինի ոչ թե նպատակ, այլև ուղեկցող էֆեկտ։
Այս առումով աշխատանքային խմբի անդամները կարևորեցին հետայսու մոդուլային դպրոցների կառուցումը՝ հավելելով, որ մոդուլային դպրոցները լրացուցիչ հնարավորություն են տալիս դպրոցի շուրջ կենտրոնացնել համայնքային կյանքը՝ դպրոցում ներառելով մշակույթի և երիտասարդության կենտրոններ, ինչպես նաև երեխաներին մատուցվող ծառայությունները։
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար: Պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: