չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստին
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի 2018 թվականի զեկույցը, անդրադարձ կատարվեց նաև ԱՃԹՆ պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզին, 2019-2020 թվականների աշխատանքային ծրագրին առնչվող հարցերին։
Որպես ընթացիկ տարվա կարևոր առաջընթաց՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումը և հանրային ռեգիստրի ստեղծումն ապահովող օրենքների նախագծերի մշակումն ու հաստատումը ՀՀ կառավարության կողմից։ Եվ չնայած որ նախագծերը ներկայացվել, սակայն չեն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, պարոն Միրզոյանը հույս հայտնեց, որ նախագծերը շահագրգիռ քննարկման առարկա կդառնան նորընտիր խորհրդարանում։
Ամփոփելով բազմաշահառու խմբի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների արդյունքները՝ Արարատ Միրզոյանը կարևորեց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում էլ կազմվել է Հայաստանի 2018 թվականի առաջին EITI զեկույցը, իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստեղծվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքը և պետական մարմինների ու հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից ֆինանսական հրապարակային հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակը:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է։ Նախաձեռնությանն անդամակցում է 51 երկիր։ ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա՝ երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր խնդիրները՝ կապված մասնավորաբար՝ ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվությունների տրամադրման, ֆինանսական և իրավական կարգավորումների, արտադրանքի ծավալների, ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտների չափերի և դրանց տեղաբաշխման հետ։