հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահին
Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած աջակցությունը հայկական պատվիրակությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգ Սարգսյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի ընթացիկ ծրագրերը և նոր իրավիճակում Հայաստանի կառավարության և հասարակական կառույցների հետ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Որպես համագործակցության հաջողված նոր օրինակ նշվեց այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը։
Զրուցակիցները քննարկեցին Զորյան ինստիտուտի կողմից նախաձեռնած Մարդկային արժանապատվության հիմնադրամի գործունեության ուղիները։ Մասնավորապես, հիմնադրամը նախատեսում է աջակցել կառավարությանն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը։ Դա արվելու է նշված ոլորտներում համաշխարհային լավագույն փորձագետների ներգրավման միջոցով։ Այս նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, կիրականացվեն գիտական հետազոտություններ, համագործակցություն կհաստատվի տեղի և միջազգային գիտական հաստատությունների միջև։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև Մարդկային արժանապատվության հիմնադրամի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։