հինգշաբթի, 27 դեկտեմբերի 2018
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի նախկին զինծառայողների բնակարանային խնդիրը լուծելու համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:
2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326-ը՝ Երևանում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ կատարվել է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերի դասակարգում ըստ երեք հիմնական խմբերի՝ սուբսիդիաներ, դրամաշնորհներ և գնումներ: «Կարևորելով պետական մասնակցության կառավարման արդյունավետության բարձրացման հարցը՝ առաջարկել ենք նաև որոշակի լուծումներ, որոնք մեր կարծիքով, բարձրացնելով հրապարակայնության աստիճանը պետական մասնակցության կառավարման, հնարավոր կդարձնեն ունենալ ավելի արդյունավետ համակարգ և ենթադրվում է, որ այն կդառնա հանրային հսկողության առարկա»,-նշել է Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ այդմ, մասնավորապես սահմանվել է, որ սուբսիդիան՝ պետության անունից և/կամ պետության հանձնարարությամբ օրենքով սահմանված գնով անմիջական շահառուին/վերջնական սպառողին կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում կազմակերպությանը նվազագույն շահավետ գնի և սահմանված գնի դրական տարբերության կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2019 թ. ընթացքում պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելիս գնման ձևերը նախապես չեն համաձայնեցվում ՀՀ ֆինանսների նախարարության հետ:
«Հին Երևան» ծրագիրն ավարտին հասցնելու համար կենտրոնի որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ
Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով որոշմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն և վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան նշել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, և տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ևս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել:
Հաստատվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը
ՀՀ կառավարությունը կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA–ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:
Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի 2850մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում: Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Գյումրու Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 և Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար:
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարության որոշումներով 8 ընկերություններ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
«Կակադ-Միրկետ» ՓԲԸ-ն իրականացնելու է էլեկտրաէներգիայի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային հաշվիչների հավաքում, պարամետրիզացում, ծրագրավորում և ստուգաչափում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 091 000 000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում և 2 500 000 000 ՀՀ դրամի ներդրում շրջանառու միջոցներում: Արդյունքում կստեղծվի 87 նոր աշխատատեղ՝ 153 300 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 12 742 500 000 ՀՀ դրամ, որից 4 158 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում:
«Տեֆֆի» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացված ներդրումները կազմում են 8 մլն ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել ևս 20 մլն ՀՀ դրամի ներդրում: Կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 161 800 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 130 700 000 ՀՀ դրամ, որը կիրացվի բացառապես ՀՀ տարածքում։
«Եվրո Տրակ»-ը ներդրումային ծրագիր է իրականացնելու տրանսպորտի ոլորտում՝ կատարելով 1 950 000 000 ՀՀ դրամի ներդրում: Կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմում է 900 000 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
«Ռ.Զաքարյան» ՍՊԸ գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 030 113 767 ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 58 նոր աշխատատեղ՝ 95 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 214 600 000 ՀՀ դրամ, որից 182 200 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում ։
«Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է սիգարետի արտադրության մեջ՝ իրականացնելով 17 255 315 935 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 188 նոր աշխատատեղ՝ 400 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 331 318 մլն ՀՀ դրամ, որից 66 264 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում:
«Սանտա Մոնիկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ինքնակպչուն թաղանթով ժապավենների, ինչպես նաև առանց սոսնձի շինարարական ժապավենների արտադրության և տեխնոլոգիական մշակման մեջ։ Կիրականացվի 711 356 000 ՀՀ դրամի ներդրում, որի արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 760 585 200 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
«Վելվիո» ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնելու զբոսաշրջության ոլորտում։ Արդեն իսկ իրականացվել է 9 984 614 ՀՀ դրամի ներդրում՝ նախատիպային սարքավորումների (հեծանիվների և GPS-արգելափակոցների) ձեռքբերման և Հայաստանում 6 ծրագրավորողից բաղկացած ինժեներական թիմ ունենալու նպատակով: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ` 313 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«Ռոյալ գլաս գրուպ»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 700 000 000 ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է ևս 800 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 15-30 նոր աշխատատեղ՝ 100 000-130 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 000 000 ՀՀ դրամ, որից 180 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Եղվարդի համալիր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 8,67 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ մեծ քանակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար։ Երեք տարվա ընթացքում կստեղծվի 130 նոր աշխատատեղ`120 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրի որոշմամբ «Հրանտ էներջի» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է հիմնել ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրություն՝ իրականացնելով շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 50 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 300 մլն ԱՄՆ դոլարի: Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի:
Այլ որոշումներ
ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այն կնպաստի հանրային մասնակցության և նախարարությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամկետները: Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ խորհուրդը քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, ներկայացնելու է առաջարկություններ և դիտողություններ:
Արարատ Միրզոյանը, կարևորելով ընդունված որոշումը, նշել է. «Իսկապես սա մի հանձնառություն էր, որը մենք ստանձնել ենք Բաց կառավարման գործընկերություն միջազգային ծրագրի շրջանակներում: Բայց կարծում եմ՝ մենք չպետք է վերաբերենք որպես հանձնառություն, որը զուտ պետք է կատարվի, որովհետև ստանձնել ենք որպես պարտավորություն, այլ իսկապես բավականին կառուցողական դիրքորոշում որդեգրենք այս խորհուրդների նկատմամբ, որովհետև այս կառույցները կարևորագույն օղակ կարող են լինել գործադիր իշխանության մարմիններ և հասարակություն երկկողմանի կապի և մշտական քննարկումների համար»:
Կառավարության որոշումներով 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, ՀՀ Լոռու մարզի Ձորագետ, ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն համանքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը, մասնավորապես, աշխատավարձի գծով պարտավորությունները մեղմելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ 2017 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների չտրամադրման արդյունքում 5.6 մլրդ դրամ կրեդիտորական պարտքը տեղափոխվել է 2018 թվական՝ առաջացնելով կրկնակի բեռ տարվա համար: Որոշման ընդւնման արդյունքում կապահովվի կազմակերպության ֆինանսական կայունացումը, որն իր հերթին թույլ կտա կազմակերպությանն ապահովել ոռոգման ջրի մատակարարումը և ստանձնած պարտավորությունների կատարումը:
Կառավարության այսօրվա նիստի ավարտին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույցով: Նա նշել է, որ 2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ. Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ: 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ 2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն: