չորեքշաբթի, 30 հունվարի 2019
Փոխվարչապետը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը
Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:
Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է։
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած EITI-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։
Առաջինը, ի դեմս EITI բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության և կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։ Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, EITI-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։
Հաջորդ արդյունքը 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։ Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ողջ տեղեկատվությունը։ Բացի այդ, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։
Փոխվարչապետը հավելեց, որ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլև դրանք հնարավորինս մատչելի ձևով հասցնել յուրաքանչյուր շահառուի. լինի դա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար թե պետական ծառայող: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խթանել տեղեկացված հանրային բանավեճ և ունենալ իրական փոփոխություններ: Այդ նպատակով ստեղծվել է նաև EITI-ի պաշտոնական կայքը և հաշվետվությունների առցանց ներկայացման նորարարական հարթակը, որոնց միջոցով հանրությանն է ներկայացվում նախաձեռնության և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։