չորեքշաբթի, 30 հունվարի 2019
Փոխվարչապետ Ավինյանը մասնակցեց «YES Armenia» ծրագրի ավարտական արարողությանը
Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց երիտասարդ փորձագետների` «YES Armenia» ծրագրի ավարտական արարողությանը:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը նշեց, որ «YES Armenia»-ն Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ ու ընդլայնվող փոխգործակցության վառ օրինակներից է, և շնորհակալություն հայտնեց Միությանն անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Տիգրան Ավինյանն ասաց, որ տարիներ շարունակ աշխատանքը պետական համակարգում գրավիչ չի եղել տաղանդավոր ու աշխատասեր երիտասարդների համար՝ քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն չունենալու, ցածր աշխատավարձերի, կարիերայի առաջընթացի բացակայության և այլ պատճառներով, իսկ «YES Armenia» ծրագիրը հնարավորություն տվեց կոտրելու այդ կարծրատիպերը։ Նա հույս հայտնեց, որ ծրագրի մասնակիցները հիանալի օրինակ կդառնան այլ խոստումնալից երիտասարդների համար՝ պետականաշինության գործի մաս կազմելու։ Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ «YES Armenia»-ն նոր եռանդ հաղորդեց հանրային կառավարման համակարգին։ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ փորձագետները մի կողմից՝ հնարավորություն ստացան ներսից հասկանալու, թե ինչպես են աշխատում պետական գերատեսչությունները և գործնական փորձ ձեռք բերել, մյուս կողմից՝ իրենց հմտությունները ներդրեցին, նորարարական գաղափարները կյանքի կոչեցին ու հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկեցին։
Փոխվարչապետն ընդգծեց, որ «YES Armenia»-ի իրականացման ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ փորձը կարևոր դեր կարող է խաղալ հանրային և քաղաքացիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում։ Այն բարեփոխումները, որը սկսել է կառավարությունը, այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու համար, հաջողության չեն հասնի, եթե շարունակվի աշխատանքը հին մեթոդներով և հեղափոխություն տեղի չունենա նաև պետական կառավարման տրամաբանության, մտածողության, աշխատանքային մշակույթի մեջ։
Ավարտելով ելույթը Տիգրան Ավինյանը նշեց, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունն արդեն իսկ սկսել է և շարունակելու է իրականացնել խորքային բարեփոխումներ հանրային կառավարման ոլորտում, որի արդյունքը կլինի արդյունավետ ու ճկուն պետական մեքենան, որը քաղաքացիներին որակյալ ծառայություններ կմատուցի և երկրի ռազմավարական զարգացման ծրագրերը կյանքի կկոչի։