ուրբաթ, 15 փետրվարի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի համար վստահելի գործընկեր ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Ներկայացնելով Կառավարության ծրագրի հիմնական դրույթները՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նոր կառավարության արժեքային բոլոր սկզբունքները արտացոլվել են ծրագրի մեջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ի հետ համատեղ ծրագրերը կխթանեն կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացումը:
ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում իրենց պատվիրակությանն ընդունելու համար: Նշելով, որ մոտ 11 տարի ԵՆԲ-ն գործունեություն է ծավալում Հայաստանում՝ Մաչեյ Չուրան ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ծրագրերն ու առաջիկա նախագծերը:
Երկուստեք կարևորվել է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում ԵՆԲ կողմից արդեն իսկ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: Փոխվարչապետը բարձր է գնահատել հատկապես Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ մասնավոր հատվածում ԵՆԲ կողմից իրականացվող ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերում երկրի տնտեսության զարգացմանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Վասիլ Հուդակի առաջիկայում կայանալիք Հայաստան այցին ընդառաջ: