երկուշաբթի, 18 փետրվարի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հիմքում պետք է լինեն ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները, միջազգային կազմակերպությունների հետ միջնաժամկետ համագործակցության փաստաթղթերը և, իհարկե, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա ճանապարհային քարտեզը: Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր դոնոր կազմակերպությունների ծրագրերը համատեղել համընդհանուր պատկեր ստանալու, ոլորտային խնդիրները վերհանելու և կառավարության առաջնայնությունների հետ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համապատասխանությունն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք էին, որ կառավարության ոլորտային ծրագրերի հաստատումից հետո նաև համակարգման հարթակն օգտագործելով հնարավոր է կառուցողական մթնոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնել և հաջողություններ գրանցել բոլոր ուղղություններով բացերի վերհանման և իրականցվող աջակցության ծրագրերի առաջխաղացման գործում: