ուրբաթ, 15 փետրվարի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
Փետրվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար: