հինգշաբթի, 21 փետրվարի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգեր նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են և իրենք պատրաստ են աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, և ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առևտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման և կոոպերատիվների ստեղծման հարցերը:
Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ և ԱԶՀ կողմից (9,7 մլն և 2 մլն համապատասխանաբար) և իրականացվելու է ԱԶՀ կողմից: