հինգշաբթի, 7 մարտի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների բովանդակությունն ու դրանց իրականացման գործում կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է ԵԽ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու արդյունքները, ինչպես նաև անդրադարձել տարեսկզբին հաստատված ԵԽ-ի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրին: Նատալյա Վուտովան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կարևոր գործընթացում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում առկա խնդիրների վերացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի և հնարավոր արդյունավետ լուծումների շուրջ: