ուրբաթ, 22 մարտի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարին
Մարտի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:
Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիկսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: