հինգշաբթի, 28 մարտի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին
Մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին:
Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։
Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։
Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ Կառավարությունը ձևակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։
Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն քննարկել է կրթության, գիտության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
Փոխվարչապետը ներկայացրել է նաև գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում կառավարության մոտեցումները:
Ելույթին հետևել է հարցուպատասխան համաժողովի մասնակիցների հետ: