երկուշաբթի, 13 սեպտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սեպտեմբերի 14-ին կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու սեպտեմբերի 15-ին կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարներ:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսված է քննարկել Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և վտանգավոր այլ հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի հարցերը, բյուրոյի աշխատանքի մասին հաշվետվությունը, նաև վերջինիս կազմում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում թմրամիջոցների և պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի համակարգման ստորաբաժանման տարածաշրջանային օպերատիվ խմբի ստեղծման մասին հարցը: Օրակարգում զգալի տեղ է հատկացվել նաև տնտեսական բնագավառի հիմնախնդիրներին: Մասնավորապես, վարչապետները կանդրադառնան ԱՊՀ շրջանակներում բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության վրա բացասաբար ազդող որոշ հարցերի լուծման խնդրին, ԱՊՀ մասնակից պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեին, ԱՊՀ տնտեսական խորհրդին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի անունից առանձին փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու լիազորություններ տրամադրելու մասին հարցին:
Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների քննարկմանն են ներկայացված նաև 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյա տարեդարձի նախապատրաստման և տոնակատարության շրջանակներում հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման բնագավառում համագործակցության, «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի կապիտալ նորոգման և վերականգնման համար ԱՊՀ մասնակից պետությունների մասնաբաժնի վճարների մասին հարցերը:
Հիշյալ հարցերի քննարկումից բացի նախատեսվում է, որ Համագործակցության անդամ երկրների վարչապետները մի շարք համաձայնագրեր կստորագրեն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: