ուրբաթ, 12 ապրիլի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Ապրիլի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար:
Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրա-տնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին: